slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոյում ներդրվել են փորձագիտական սխալների կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ

News_Image

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ ղեկավար Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, հունվարի 19-ին տեսակապի միջոցով մասնակցել են Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիայի կազմակերպած «Դատափորձագիտական սխալներ. առաջացման, հայտնաբերման և կանխարգելման ժամանակակից խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի առաջատար փորձագետներ, գիտնականներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից և այլ երկրներից:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ դատափորձագիտական ոլորտի տարբեր բնագավառներում ի հայտ եկող փորձագիտական սխալների համակարգային վերլուծության և դրանց կանխարգելմանն ուղղված մի շարք արդիական հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու հանցակազմին առնչվող տեսական և գործնական հիմնախնդիրները, դատավարական բնույթի փորձագիտական սխալները, մասնավոր փորձագետների կողմից առավել հաճախ թույլ տրվող փորձագիտական սխալները, մեթոդաբանական բնույթի փորձագիտական սխալները և այլն:
Գիտաժողովի շրջանակներում հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներով փորձագիտական սխալների համակարգային վերլուծության վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար, ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը:
Բյուրոյի ղեկավարն, անդրադառնալով ոչ պատշաճ բուժօգնության ցուցաբերման դեպքերի բացահայտման և հետազոտման բարդ խնդիրներին, ներկայացրել է դրանց համակարգային վերլուծության կարևորությունը,  մասնավորապես՝ ոչ պատշաճ բուժօգնության տարածվածության մակարդակի, առողջապահության ոլորտում նորմատիվ իրավական և մեթոդական ապահովման հիմնական ասպեկտների, բժշկական պրակտիկայում սխալների, թերությունների և բացթողումների կանխարգելման արդյունավետ ուղիների, բուժաշխատողների իրավական և մասնագիտական պատրաստվածության մակարդակի և այլ խնդիրների վերլուծության անհրաժեշտությունը:  
«Փորձը ցույց է տալիս, որ փորձագիտական սխալները կարող են ի հայտ գալ դատավարության տարբեր փուլերում՝ փորձաքննության նշանակումից մինչև դրա կազմակերպման և իրականացման փուլեր:
Ներկայում դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների ամենաբարդ խնդիրներից է հանդիսանում բուժաշխատողի գործողության կամ  անգործության պատճառով ի հայտ եկած հետևանքների և անբարենպաստ ելքի միջև պատճառահետևանքային կապի վերլուծությունը:
Միևնույն ժամանակ, հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունների արդյունքների ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ բուժաշխատողի գործողության կամ անգործության և բուժառուի առողջությանը պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի հաստատումը փորձագիտական հանձնաժողովի համար հանդիսանում է բարդ խնդիր, որը, ինչպես ցույց են տալիս անցկացված լրացուցիչ և կրկնակի հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները, դատավարության նախորդ փուլերում ոչ միշտ են գնահատվում լիարժեք և բազմակողմանի»,-իր ելույթում նշել է Բյուրոյի ղեկավարը:
Ամփոփելով՝ Արգամ Հովսեփյանը մատնանշել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունների անցկացման ժամանակ պատճառահետևանքային կապերի գնահատման գործընթացի խոչընդոտները, այդ թվում  համընդհանուր կիրառվող մեթոդաբանության (ոսկե ստանդարտներ), կլինիկական ստանդարտների և բուժման չափորոշիչների ամբողջական, պարբերաբար թարմացվող բազայի բացակայությունը՝նշելով, որ առկա նորմատիվային բազան ևս լիարժեքորեն չի ապահովում հիվանդ–բժիշկ–բժշկական հաստատության վարչակազմ-դատաբժշկական փորձագետ- իրավապահ մարմիններ հարաբերությունների՝ ժամանակակից պահանջներին համապատասխան պատշաճ և լիարժեք կանոնակարգումը: Նշվածն իր հերթին թույլ չի տալիս դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովներին լիարժեքորեն վերլուծել բուժօգնության ընթացքում տեղ գտած  հնարավոր սխալների ու բացթողումների և բուժառուի  վիճակի վատթարացման կամ անբարենպաստ ելքի հետ պատճառահետևանքային կապի առկայությունը և լիարժեքորեն պատասխանել քննչական մարմինների կողմից առաջադրված հարցերին:
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ առկա խնդիրների համատեքստում, Փորձաքննությունների ազգային բյուրոյում մշակվել և ներդրվել է փորձագիտական սխալների կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ:
Մասնավորապես, մշակվել է պատճառահետևանքային կապերի վերլուծության և փորձագիտական հետազոտությունների արդյունավետ իրականացման մեթոդաբանություն՝ պատճառահետևանքային կապերի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու համար, ինչը թույլ է տալիս ապահովել փորձագետների գործողությունների միասնականությունը, տրվող  եզրակացություններում պատճառահետևանքային կապերի գնահատման օբյեկտիվ արդյունքները և  նվազեցնել դատաբժշկական պրակտիկայում հնարավոր փորձագիտական սխալների դրսևորման մակարդակը:
«Հաշվի առնելով բժշկական գործունեության ոլորտի գիտատեխնոլոգիական զարգացման այսօրվա տեմպերը, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ պայմանավորված  մեր կողմից իրականացվող հետազոտություններն ու վերլուծությունները կրում են դինամիկ բնույթ և պահանջում են մասնագիտական հանրության մշտական ուշադրությունը»,-ամփոփելով խոսքը՝ նշել է Արգամ Հովսեփյանը:
Նշված թեմայով Արգամ Հովսեփյանի հեղինակած գիտական հոդվածը հրապարակվելու է միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում:

25 January 2024